Ռուսաստանի համար շահավետ չէ իր վրա վերցնել Մաքսային միության աշխարհաքաղաքական նախագծի բոլոր երկրների ծախսերը: Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է «Զերկալո» շաբաթաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը՝ «Անվտանգությունն ու համագործակցությունը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը հետաքրքրված չէ ինտեգրացիոն նախագծերով: «Ռուսաստանը հսկայական կորուստներ կունենա Մաքսային միությանը Հայաստանի ու Ուկրաինայի անդամակցությունից, սակայն նա միջոցներ ներդնելու է: Սակայն որոշ երկրների համար, ինչպիսին է Ադրբեջանը, ձեռնտու չի լինի ՄՄ-ին անդամակցելը, քանի որ Բաքուն հետաքրքրված չէ իր ապրանքները Ռուսաստանի միջոցով արտահանելով»,-ընդգծել է Միրկադիրովը, հավելելով, որ, բնական է՝ Ադրբեջանի մասնակցությամբ տրանսպորտային ու էներգետիկ նախագծերը եւս կրում են քաղաքական բնույթ ու ուղղված են Ռուսաստանի շահերի դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի երեքին Ռուսաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: