Երեւանի գլխավոր ու երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երեւանի սանմաքրման ձեռնարկությունները մաքրում են նաեւ մայթերի ձյունը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի եւ «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երեւանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական դեսանտը Երեւանի Ամիրյան փողոցում էր: Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաեւ փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։