22-ամյա Անի Գ.-ն այնպես է հարվածել հարեւանին, որ վերջինս ողերի կոտրվածքներ է ստացել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Անի Գ.-ն Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում Վ. Բաղդասարյանի տանը վիճաբանել է իր հարեւան Վ. Տեփոյանի հետ, մեկ անգամ հարվածել վերջինիս կրծքավանդակին, որի հետեւանքով Վ. Տեփոյանը վայր է ընկել հատակին, ստացել ողերի կոտրվածքներ:

Քրեական գործ է հարուցվել 121 հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 19-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: