Բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մայրը՝ Կարինե Ամոյանը, պատրաստվում է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Կարինե Ամոյանը: Նա նշեց, որ երկուշաբթի իրենց հարազատների հետ գնալու են դատախազության շենքի մոտ եւ հանդիպում պահանջեն դատախազի հետ:
«Շատ մարդիկ են հավաքվել: Վերջնականապես ասելու եմ՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Եթե դատախազը չընդունեց, ուղիղ գնալու եմ կամրջից նետվեմ: Ես չեմ կարող տեսնել, թե ինչպես է անմեղ որդիս խելագարվում: Այսօր էլ պաշտպանն է գնացել մոտը, բայց չի ճանաչել ու չի խոսել հետը: Իմ որդուն հասցրեցին նրան, որ հիմա ոչ ինձ է ճանաչում, ոչ մյուս հարազատներին»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ նրան հոգեբուժարան տեղափոխելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել էր մի քանի ուղղություններով, ձերբակալվել էր 16 անձ, որոնցից 11-ին ազատ էին արձակել:





























