ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ս.թ. դեկտեմբերի 20-ին երկու դրամաշնորհային համաձայնագիր ստորագրեցին, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը եւ սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության եւ ԱՄՆ Առաքելության ներկայացուցիչներ:
Առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ աշխատանքները` ուղղված Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաեւ իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով: Մեկամյա ծրագիրը լրացնում է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի, «Ֆինանսներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի եւ Հարկային բարեփոխումների ծրագրի գործունեությունը: Իր հերթին, Համաշխարհային Բանկը դրամաշնորհային օժանդակություն է տրամադրել Հայաստանում Կենսաթոշակային միասնական պորտալի եւ կենսաթոշակային միասնական թեժ գծի ստեղծման համար:
Երկրորդ համաձայնագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն նախարարությանը կսատարի բարելավել Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը եւ կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին: ԻՍԾՀ ներմուծմամբ ՀՀ կառավարությունը նպատակ ունի տնտեսական աճի եւ աղքատության նվազեցման խթաններ ստեղծել մարդկային կապիտալի զարգացման միջոցով: Բացի այդ, կվերանայվի սոցիալական աշխատանքի բնույթն ու դերը:
Երկու դրամաշնորհները 2013 թ. սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրված Առողջապահական եւ սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են հանդիսանում:





























