«Հրապարակը» գրում է. «Կառավարության 3-րդ շենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, կաբինետից կաբինետ լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է մարզեր տեղափոխվեն ոչ միայն սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ մշակույթի նախարարությունները, այլ նաեւ այլ գերատեսչություններ:
Սպորտի եւ մշակույթի նախարարությունների տեղափոխությունը խուճապի է մատնել շատերին, քանի որ այն երեւանաբնակների համար իսկական բոթ է: Երեւանից մարզ գնալը եւ ճանապարհի, եւ ժամանակի, եւ աշխատավարձի առումով ձեռնտու չէ մարդկանց: Դա նշանակում է, որ իրենց գործազրկություն է սպառնում, փոխարենը Շիրակի մարզում մի քանի հարյուր հոգու համար աշխատատեղ կբացվի:
Բայց կառավարությունից երեկ մեր թղթակցին վստահեցրել են, որ բացի վերոնշյալ երկու նախարարություններից, այլ նախարարությունների մասին խոսք չի գնում, եւ խուճապն անհիմն է: Հարցին, թե հնարավո՞ր է Ձեր նախարարությունն էլ տեղափոխվի, ասենք, Էջմիածին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է՝ լավ միտք է, եւ հեռացել է առանց երկար-բարակ խոսելու:
Երեկ կառավարությունից տեղեկացանք, որ, ամենայն հավանականությամբ, այսօր կձեւավորվի վերոնշյալ գերատեսչությունների եւ մի քանի ՊՈԱԿ-ների տեղափոխման հարցերով հանձնաժողովը»:





























