Pussy Riot-ի ազատված մասնակցուհի Մարիա Ալյոխինան բանտակիցների համար Նիժեգորոդսկի գաղութի պատերի տակ հրաժեշտի հրավառություն է կազմակերպել:
Լրագրողներին այն հարցին, թե ազատված ակտիվիստուհու բանտակիցներն արդյոք ուրախ կլինեն իրենց հրաժեշտ տալու նման միջոցի համար, Pussy Riot-ի մասնակցուհին պատասխանել է. «Կարծում եմ` այդ կանայք երջանիկ կլինեն` որեւէ պայծառ բան տեսնելով»:
Այժմ ներում ստացած Ալյոխինան արդեն ժամանել է Մոսկվա:
Նշենք, որ դեկտեմբերի 23-ին ազատ էին արձակվել Pussy Riot փանք խմբի ներում ստացած անդամներ Մարիա Ալյոխինան եւ Նադեժդա Տոլոկոննիկովան: 2012թ. օգոստոսին նրանք դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման` խուլիգանության համար: Տոլոկոննիկովայի եւ Ալյոխինայի բանտարկության ժամկետն ավարտվում էր 2014թ. մարտի սկզբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ներում ստացած Մարիա Ալյոխինան չէր ցանկացել լքել գաղութը` անհանգստանալով ճաղերի հետեւում մնացած մյուս կանանց ճակատագրի համար: Նա կարծում էր, որ իր ազատվելուց հետո գաղութի ղեկավարությունը կխստացնի մյուս բանտարկյալների ռեժիմը, որոնք հնարավորություն չունեն լրատվամիջոցներով հայտարարել իրենց ճակատագրերի մասին:





























