Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում փոխանցել են եվրոպական բոլոր պետությունների ուղերձը։ Նման կարծիք է հայտնել «Ilta-Sanomat» պարբերականի սյունակագիր Օլլի Ուորիսը։
Թեև այդ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ հանդես են եկել բացառապես իրենց պետությունների անունից, միևնույն է՝ «դա չի փոխում այն հանգամանքը, որ Ստուբն ու Ստյորեն ստանձնել են միջնորդի դեր և Ռուսաստանին փոխանցել Եվրոպայի ուղերձը»,- գրում է Ուորիսը։
Ըստ սյունակագրի՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի այս քայլը «տհաճ հարցերի» տեղիք է տալիս։ Օրինակ՝ ինչպե՞ս ստացվեց, որ եվրոպական տերությունների ղեկավարները լուսանցքում մնացին, և ինչո՞ւ Շվեդիան ու Դանիան չմիացան զանգին՝ դուրս մնալով այսպես կոչված «կախարդական շրջանակից»։
Նշենք, որ ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն անհամաձայնություն էր հայտնել Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների դիրքորոշմանը՝ շեշտելով, որ այդ հեռախոսազրույցը եվրոպացի դաշնակիցների հետ չէր համաձայնեցվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Պուտինը ֆիննական և նորվեգական կողմերի նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Ստուբի և Ստյորեի հետ։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ։ Կողմերը ողջունել են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու պայմանավորվածությունը։





























