Այսօր` ապրիլի 12-ին Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնում է Հունաստան` մասնակցելու ապրիլի 13-19-ը Սալոնիկ քաղաքում տեղի ունենալիք Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր թիմի կազմում ընդգրկված է 18 մարզիկ, երեք մարզիչ, մեկ մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Վերջինս` մեկնումից առաջ հայ սամբիստների անունից շնորհավորեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին` Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդների փայլուն ելույթների համար, ով էլ նույնպիսի հաջողություններ մաղթեց սամբիստներին:
Հիշեցնենք, որ մրցաշրջան 2009-ում թիմային հաշվարկով բոլորից շատ մեդալների էին արժանացել ծանրորդները, ապա` սամբիստները:



























