Ճանաչվել են Սմոլենսկում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի ավիավթարի աղետի 45 զոհերի դիակները, այդ թվում` Լեհ Կաչինսկու կնոջ դիակը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Տատյան Գոլիկովան՝ լեհական կողմի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, ներկայումս ընթանում է զոհերի մարմինները Լեհաստան տեղափոխելու համատեղ աշխատանքը:

Նա նշել է, որ արդեն վաղը առավոտյան Մարիա Կաչինսկայի դին կտեղափոխվի Վարշավա: Երեկ՝ ապրիլի 12-ին նրան կարողացել է ճանաչել եղբայրը՝ ամուսնական մատանու միջոցով:

«Վաղը կշարունակվի ճանաչումը զոհվածների մյուս 54 հարազատների համար, որոնք այսօր առավոտյան են ժամանել Մոսկվա»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ լեհական կառավարական ինքնաթիռը կործանվել էր ապրիլի 10-ին՝ Սմոլենսկում: Ավիավթարի արդյունքում զոհվել էին 96 մարդ: Նախագահի դին նախօրեին՝ ապրիլի 11-ին հասցվել է Վարշավա իսկ այսօր կայանալու է նրան հրաժեշտ տալու արարողությունը: