Վաշինգտոնում տեղի ունեցած Սարգսյան-Էրդողան հանդիպումը որեւէ առաջընթաց չի արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում: Այսօր` ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Սա իրականում դիրքորոշումների հստակեցման կամ վերահաստատման հանդիպում էր։ Ի տարբերություն թուրքական կողմի՝ հայկական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումները, իսկ թուրքական կողմի դիրքորոշումն այդքան էլ հստակ չէ՝ մի քանի օրվա ընթացքում թուրքական կողմից հնչեցին իրար հակասող հայատարարություններ»,-նշել է նա ու հավելել. «Հանդիպման ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց, ինչն այդքան էլ սպասելի չէր, և Թուրքիայի պատճառով հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս նմանվում են տեղապտույտի»:
Թուրքագետի համոզմամբ, վերջին օրերին Թուրքիայի ղեկավարների կողմից հնչող հայտարարությունները մեղմացել են, բայց դրա պատճառը միմիայն մոտեցող ապրիլի 24-ն է: Նա կանխատեսեց, որ ապրիլի 24-ից հետո Թուրքիայից հնչող հայտարարություններն ավելի կոշտ կդառնան եւ կխստանա դրանց հակահայկական բնույթը:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացում ԱՄՆ-ի դերին, Ռ. Մելքոնյանը նշել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված էր, որպեսզի վերակենդանացնի գործընթացը, ինչը հնարավորություն կտա իրեն ապրիլի 24-ին չարտասանել «ցեղասպանություն» բառը եւ այդ հնարվորությունն, ինչ-որ չափով Օբաման ստացավ:




























