2013-ի ընթացքում Հայաստանը ակտիվ շփումներ եւ քննարկումներ է անցկացրել Մաքսային միության կարգավորող մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվությունում նաեւ ասվում է.

«Հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի՝ ապրիլին Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխհամագործակցության հուշագիրը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ընդունվել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ նշվել է Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին մասնակցելու Հայաստանի որոշման, եւ դրան ՌԴ նախագահի աջակցության մասին։

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին մասնակցության վերաբերյալ որոշման համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահի մասնակցությամբ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հաստատվել է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ երեք փաստաթուղթ.

Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին որոշումը,

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունը,

Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագրի նախագիծը:

Նոյեմբերի 6-ին Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ստորագրել են Հայաստանի եւ Հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հաստատվել է Հայաստանի` Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզը»: