Փաստացի Հայաստանը դեռ Մաքսային միության անդամ չէ: Երբ նա ՄՄ անդա դառնա, իրավիճակը կկարգավորվի, քանի որ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները չեն տարածվում կազմակերպության անդամների վրա: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով սահմանափակումները այն պետությունների քաղաքացիների համար, ովքեր օգտվում են Ռուսաստանի հետ առանց վիզաների ռեժիմից:
Նրա խոսքով՝ Մաքսային միություն մուտք գործելուց հետո հայերն առանց խնդիրների կարող են Ռուսաստան մեկնել: «Ղազախստանից ու Բելառուսից հանգիստ մեկնում են Ռուսաստան: Հավանաբար, իհարկե, Հայաստանի դեպքում դա տեղի կունենա Մաքսային միության շրջանակներում միացյալ տնտեսական միջավայրի կողմից պաշտոնապես հաստատվելուց հետո: Սա ենթադրում է ընդհանուր կարգ ոչ միայն ապրանքների, այլ նաեւ աշխատուժի տեղափոխման համար»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ կարծիք հայտնելով, որ եթե Հայաստանի քաղաքացիների վրա դա անդրադառնա, ապա ընդամենը մի քանի ամիս: «Քանի դեռ Հայաստանը Մաքսայի միության անդամ չէ, Ռուսաստանը չի կարող ընտրովի կանոններ սահմանել ԱՊՀ անդամ երկրների համար: Անդամակցությանը մնացել է մի քանի ամիս»,- մխիթարել է քաղաքագետը:
Նշենք, որ «ՌԴ մուտքի եւ ՌԴ-ից մեկնելու» մասին եւ «ՌԴ-ում օտարերկրացի քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում կատարված ուղղումներից հետո 2014թ.-ի սկզբից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող պետությունների քաղաքացիները ՌԴ տարածքում կարող են գտնվել 90 օր յուրաքանչյուր 180 օրը մեկ: Սա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները չեն կարող 90 օր հետո մեկնել Ռուսաստանից ու անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում էին անում: Պետք է հաշվի առնել, որ կարգը խախտողներին կարգելեն 3 տարվա ընթացքում մուտք գործել ՌԴ տարածք:




























