Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլեին, որի հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաեւ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լինելով հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր հիմքերը կան Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ինչպես տրանսպորտի ու հեռահաղորդակցության, այնպես էլ տնտեսության այլ բնագավառներում ստեղծված կապերն ավելի ընդլայնելու համար:
Սորին Վասիլեն հավաստիացրեց, որ իր հերթին կանի առավելագույնը՝ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար։
Նշենք, որ հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 4-րդ նիստը, տեղի է ունեցել 2013թ-ի հուլիսի 8-9-ը Երեւանում: Նիստի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:




























