Սահմանադրական դատարանի որոշումը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ աննախադեպ էր: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Ողջունում եմ ՍԴ-ի որոշումը, որը, որպես կեցվածք, աննախադեպ էր ՍԴ-ի կենսագրության մեջ: Բայց հիմնական որոշմանը պետք է սպասել մարտին, երբ կքննարկվի հարցն ամբողջությամբ: Հուսանք, որ սպասվելիք որոշումը նույնպես կլինի այս որոշման տրամաբանության շրջանակներում, ինչը, կարծում եմ, պատիվ կբերի ՍԴ-ին եւ ինչ-որ չափով կվերականգնի հասարակության վստահությունը այս կարեւորագույն մարմնի նկատմամբ»,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ, (այդ թվում` պատճառաբանական մասին) կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»:
Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին: Վիճահարույց օրենքի դեմ պայքարին միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























