Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 24-ին այցելել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ աշխատանքի եւ զբաղվածության, հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչություններում, աշխատակիցների հետ զրուցել նրանց կողմից իրենց գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով, այնուհետեւ նախարարության խորհրդակցությունների դահլիճում ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե խորհրդակցության ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, նախարարի տեղակալները, սոցիալական ապահովության պետական ծառայության պետը եւ աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Արտեմ Ասատրյանը նախագահին ներկայացրել է 2013թ. նախարարության գործունեության հիմնական արդյունքները, իրականացվող ծրագրերի ընթացքը, խոսել նաեւ առկա խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին: Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը զեկուցել է աշխատանքի եւ զբաղվածության, սոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել ժողովրդագրության խնդիրներին եւ նախարարության գործառույթների շրջանակներում դրանց լուծմանը միտված ծրագրերին: Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման եւ տարեցների սոցիալական պաշտպանության հարցերի ուղղությամբ աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը: Նախարարի մեկ այլ տեղակալ Սոնա Հարությունյանը զեկուցել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի եւ արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ընթացքն ու հետագա աշխատանքները: Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի, գենդերային քաղաքականության, թրաֆիքինգի դեմ պայքարի եւ բարեգործական ծրագրերի մասին զեկուցել է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանը ներկայացրել է «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը, դրա առավելություններն ու արդյունավետությունը, որից հետո աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը հանդես է եկել նախարարության աշխատակազմի կառուցվածքի, մարդկային ռեսուրսների եւ ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքների ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ զեկույցով:
Ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել նախարարության առաջիկա խնդիրներին եւ գործունեության գերակա ուղղություններին, խոսել նաեւ իրականացվող բարեփոխումների մասին: Հանրապետության նախագահը կարեւորել է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները հանրությանը հանգամանորեն եւ մատչելի ներկայացնելը, ինչը, նրա համոզմամբ, հատկապես արդիական է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարագայում: Ըստ նախագահի, մարդկանց հետ խոսելիս եւ աշխատանքը ներկայացնելիս հաճախ կարելի է լսել, որ իրենք չգիտեին այդ մասին, ժամանակ չեն ունեցել ընթերցելու, լսելու կամ դիտելու օրեր առաջ արված իրազեկումները: Այդ դեպքում եւս, Սերժ Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատուներն առանց զլանալու եւ համբերատարությամբ շարունակեն մարդկանց ներկայացնել, բացատրել հասարակության համար այս բարեփոխումների կարեւորությունը, արդիականությունն ու արդյունավետությունը, նշեն, թե դեպի ուր է այն տանելու մեր երկիրն ու հասարակությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ սոցիալական ոլորտում բարեփոխումները լայն ընթացք ունեն, եւ իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու:
Կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված՝ նախագահն ընդգծել է. «Ես համոզված եմ, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական. անցնելու են տարիներ, եւ այսօրվա ձեր կատարած աշխատանքը միայն ու միայն հարգանքի եւ շնորհակալության է արժանանալու: Ակնհայտորեն եւ՛ ձեզ, եւ՛ ինձ համար արդյունքները միգուցե տեսանելի չեն լինելու կամ քչերիս համար են տեսանելի լինելու: Այդուհանդերձ, եթե մենք այսօր լծվել ենք այս աշխատանքին ու խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, եւ սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային, ապա, նորից եմ կրկնում, պետք է համբերատար, առանց զլանալու բացատրել բոլորին: Մենք պատասխանատու ենք բոլորի համար: Պատասխանատու ենք նաեւ այն մարդկանց համար, ովքեր այսօր կամ չեն հասկացել այդ բարեփոխման տրամաբանությունը, կամ էլ ընդհանուր դժգոհության ֆոնին ուղղակի չեն ընդունում, չեն ընկալում նաեւ այս բարեփոխումը: Սակայն, միեւնույն է այս մարդիկ էլ են օգտվելու այդ բարեփոխման արդյունքներից: Ուստի, մեկ անգամ եւս, պարո՛ն նախարար, պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլեւ տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, մեր համախոհներին, որպեսզի մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները: Սա չափազանց կարեւոր է»:
Նախագահը միաժամանակ ընդգծել է, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման բաղկացուցիչ մասն են: Ըստ նրա, ակնհայտ է, որ մարդկանց սոցիալական վիճակը հիմնականում կախված է տնտեսական աճից, ցածր գնաճից, որը եւ հնարավորություն է տալիս աշխատավարձերը բարձրացնել, տարբեր ծախսեր եւ ներդրումներ անել: Մարդիկ պետք է ուղղակիորեն իրենց կյանքում, կենցաղում զգան տնտեսական աճի ազդեցությունը: «Այս պահին մենք մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք տնտեսական աճի աշխուժացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, առավել եւս, որ տարիների ընթացքում իրագործվել են ծրագրեր, որոնք գրեթե հասնում են իրենց եզրափակիչ փուլին, եւ այս տարի գործարկվելու են մի քանի ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փոփոխվող տնտեսության կառուցվածքին համահունչ, նախատեսված ծրագրերը մշտապես ունենալու են շարունակական ֆինանսավորում: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ նախարարությունը հաստատակամ է լինելու իր կողմից իրականացվող բարեփոխումներում:
Խորհրդակցության ավարտին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Ասատրյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանը, հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրերով:




























