Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ քննարկման ենթակա չէ, ինչ որոշում կայացնի Սահմանադրական դատարանը, բոլորը, այդ թվում՝ ես, պարտավոր ենք ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

Նա շեշտեց, որ ՍԴ-ի որոշումը պարտադիր է լինելու բոլորի համար, զարմանալի կլիներ, եթե որեւէ մեկը չենթարկվեր դրան: Մանվել Բադեյանի խոսքով՝ ՍԴ-ն որեւէ մեկին չի ենթարկվում, անգամ՝ ճնշումներին չի ենթարկվում: Կարելի է սա համարել պայքարի արդյունքը, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Եթե իրենք չդիմեին ՍԴ, որեւէ արդյունք չէր լինի իհարկե, բայց ՍԴ-ի որոշումը եթե պետք է որեւէ մեկի ճնշման ներքո արվեր, դա արդեն Սահմանադրական դատարան չի: Ես վստահ եմ, որ ՍԴ-ն արդար է, անաչառ է եւ անում է ամեն ինչ օրենքի տառին եւ ոճին համապատասխան: ՍԴ-ն առայժմ ընդամենը կասեցրել է, դա չի նշանակում, թե ՍԴ-ն վերջնական որոշումը կայացրել է»,- ասաց պատգամավորը:  Հարցին, թե ՍԴ-ից վիրավորված չեք, որ այսկերպ գնահատել է իշխանությունների քայլը, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց «Բացարձակապես, ոչ մի վիրավորանք չկա, վերջին ինսանտցիան, որ օրենքի սահմանադրականությունը գնահատում է կամ մերժում է, դա ՍԴ-ն է, ինչքան էլ իմ դուրը գա կամ չգա»:

Իսկ եթե օրենքը հանվի կիրառությունից, ապա, նրա խոսքով, ՀՀԿ-ն կընդունի, որ լավ օրենք չի ընդունել, «եթե ՍԴ-ն ասում է, որ որեւէ օրենք հակասահմանադրական է, դա նշանակում է, որ այդ օրենքը ներկայացնողները ինչ-որ մի տեղ թերացել են,. ուրեմն կշտկվի այդ օրենքն այնպես, որպեսզի դառնա սահմանադրական եւ նորից կմտնի շրջանառության մեջ:

Նշենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, այսինքն պարտադիր բաղադրիչը:

Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին: Վիճահարույց օրենքի դեմ պայքարին միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլն: