Հայաստանի բնակչությունը բավարար չափով չիրազեկացվեց կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների մասին: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ մեկանաբանելով Սահմանադրական դատարանի կողմից հունվարի 24-ին ընդունված որոշումը:
Այսպես, ՍԴ-ն նշել է, որ Հայաստանի բնակչությունը բավարար չափով տեղեկացված չէր կուտակային կենսաթոշակային ռեֆորմների մասին իրավական փաստաթղթերի վերաբերյալ, իսկ այդ փաստաթղթերից շատերն ընդունվել էին օրենքի ուժ ստանալուց մի քանի օր առաջ: Նման իրավիճակը չի կարող լեգիտիմության սկզբունք ապահովել, ինչպես նաեւ իրավական կարգավորման որոշակիություն եւ կայունություն: «Սահմանադրական դատարանի եզրակացությունները համարում եմ տրամաբանական ու ճիշտ»,- հայտարարել է Հարությունյանը:
Այն հարցին, թե չի համարում արդյոք նա Սահմանադրական դատարանի որոշումը հակասական(դադարեցվել է թոշակային ֆոնդի անհատական պաչտադիր ընտրությունը ու պատժամիջոցները դրանից հրաժարվելու դիմաց, սակայն ոչ վճարումների պարտադիր լինելը), Հարությունյանը հայտարարել է, որ որոշման մեջ հակասություններ առհասարակ չկան:
Հիշեցնենք, հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Այլ կերպ ասած, որոշումը կենսաթոշակային համակարգի լիակատար սառեցում չի ենթադրում։
Հիշեցնենք, Սահմանադրական դատարան հայցով դիմել էին խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»)։ ՍԴ հաջորդ նիստը կկայանա մարտի 28-ին։




























