Ապրիլի 7-ին Մերձդնեստրում տեղի իշխանությունները ձերբակալել են հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանին` մեղադրելով նրան դավաճանության եւ լրտեսության մեջ: Այս փաստը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, մեծ աղմուկ է հանել Մոլդովայում: 33-ամյա Վարդանյանը տարիներ շարունակ եղել է չճանաչված հանրապետությունում ռուսական «Նովի ռեգիոն» գործակալության թղթակիցը, իսկ անցած տարվանից սկսել է աշխատել մոլդովական «Պուլս» պարբերականի համար։

Նա ամեն օր Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլից ավտոբուսով գնացել է Քիշնեւ` աշխատանքի: «Նա մեկն էր Մերձդնեստրում ապրող այն փոքրաթիվ լրագրողներից, ով առանց վախի քննադատում էր տեղական իշխանություններին, միեւնույն ժամանակ, երբեւիցե չէր խախտում լրագրողական էթիկայի կանոնները»,- ասել է «Ազատության» մոլդովական ծառայության թղթակից Ռադո Բենեան, ով Մերձդնեստրում տիրող իավիճակի շուրջ տասնյակ հարցազրույցներ է վարել էռնեստ Վարդանյանի հետ։ «Գործընկերները, մարդիկ, ովքեր ճանաչում էին Էռնեստին, ցնցված են … Որպես լրագրող, քաղաքագետ` նա միշտ շատ կոռեկտ էր, եթե նույնիսկ քննադատում էր իշխանություններին, ապա` միշտ զուսպ եւ առանց էթիկայի նորմերը խախտելու։ Մենք նրան ձերբակալելու որեւէ պատճառ չենք տեսնում, ուղղակի ապշած ենք»,-ասել էԲենեան:

Անջատված հանրապետության իշխանությունները այս պահին լրագրողին ներկայացված մեղադրանքների եւ այն հիմնավորող փաստերի մասին որեւէ մանրամասն ու բացատրություն չեն հաղորդում։ Հայտնի է միայն, որ եթե առաջադրված մեղադրանքն ապացուցվի, Վարդանյանը կարող է 12-20 տարվա ազատազրկման դատապարտվել։

Հայաստանում ծնված, 88-ի երկրաշարժից հետո Մերձդնեստր տեղափոխված լրագրողի ճակատագրին նախօրեին անդրադարձել է նաեւ Մոլդովայի նախագահ Միխայիլ Գիմպուն։ Դատապարտելով միջադեպը` նախագահը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ պաշտոնական Քիշնեւը որեւէ լծակ չունի Տիրասպոլի վրա ազդելու համար. «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը, խնդիրը, սակայն այն է, որ Տիրասպոլի իշխանությունները մի յուրօրինակ բուրգ են ստեղծել, որտեղ հաշվի չեն առնում ո'չ օրենք, ո'չ իրավունք։ Իրավիճակը կարող է փոխել միայն հասարակական կարծիքը, եվրոպական կառույցների արձագանքը, եւ մենք այժմ քայլեր ենք ձեռնարկում` նրանց աջակցությունը ստանալու համար»:

Պաշտոնական Քիշնեւը, մասնավորապես, խոստանում է Վարդանյանին ազատ արձակելու հարցը բարձրացնել այսօրվանից Բրյուսելում, ապա Վաշինգտոնում` միջազգային կառույցների հետ նախատեսված քննարկումներում, որտեղ Մոլդովան ներկայացնելու է Վերամիավորման հարցերով փոխվարչապետ Վիտալի Օսիպովը։

Միջադեպին լայնորեն անդրադառնում են նաեւ իրավապաշտպաններն ու լրագրողները։

«Չեմ պատկերացնում` այդ ի՞նչ արժեքավոր տեղեկություններ ուներ Վարդանյանը, որի օգնությամբ կարող էր հայրենիքին դավաճանել», — իր ինտերնետային բլոգում գրել է Մերձդնեստրում աշխատող իրավապաշտպան Ռոման Կոնոպլեւը։

Մոլդովական «Պուլս» պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Կավրուկն էլ ընդգծել է, որ Վարդանյանը ամիսներ շարունակ Տիրասպոլի իշխանություններից սպառնալիքներ է ստացել: «Դեռեւս անցած տարվա աշնանը նրան զանգահարել էին պետանվտանգության նախարարությունից եւ պահանջել դադարեցնել համագործակցությունը մոլդովական լրատվամիջոցների հետ», — Deutsche Welle-ին ասել է «Պուլս»-ի խմբագիրը։