Տվյալ պահին Հայաստանի Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանում կա ոսկու ընդամենը մեկ բանկային ձուլակտոր՝ 14 կգ 288գ քաշով: Այս մասին լրագրողներին է հայտնել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հայաստանի Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանում ընդհանուր առմամբ կա 89 կգ 392գ ոսկի: Նա ընդգծել է, որ ոսկու վաճառքի մասին որոշում չի կայացվել ու մոտ ապագայում ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում դա անել: «Մնացած ոսկին առգրավվել է մաքսանենգներից ու դատական վճիռների արդյունքում»,-պարզաբանել է նախարարը:

Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի ընդհանուր պահուստները գումարային իավորներով կազմում է 1 մլրդ 860 դրամ (մոտ 5,57 մլն դոլար); Դրանցից 1 մլրդ 240 մլն-ն կազմում են հենց զարդերն ու լոմը: Եվս 325 մլն արժի ոսկու ձուլակտորը: «Մնացածը քարերն են, որոնց արժեքը, ինչպես հասկանում եք, բարձր չէ: Ունենք նման 3 036 քար, այդ թվում՝   102 կգ արհեստական մարգարիտ: Սակայն հասկանալի պատճառներով այն արժի ընդամենը 6,2 մլն դրամ»,-պարզաբանել է նախարարը:

Ի պատասխան կատակ-արտահայտությանը, որ քանի որ այն ոչինչ չարժի, եկեք նվիրենք, նախարարը կատակով պատասխանել է. «Ինչի՞ համար: Դրանք պարզապես պետության պահուստն են, ոչ ոքի էլ չենք նվիրելու»: