Հայաստանում անապահով ընտանիքները կշարունակեն գազի համար սուբսիդիա ստանալ: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ հունվարի 30-ին կայացած իր նիստում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստում նշել է, որ անապահով ընտանիքները գազի մեկ խմ-ի համար կվճարեն 100 դրամ, մինչեւ 300 խմ ծախսի դեպքում:
Մինչեւ 2013-ի հուլիսի 7-ը գազի սակագինը մեկ խմ-ի համար կազմում էր 132 դրամ, որից կառավարությունը սուբսիդավորում էր 32 դրամը: Ներկայումս գազի սակագինը 156 դրամ է, հետեւաբար սուբսիդավորման գումարը աճել է մինչեւ 56 դրամի:
Սուբսիդավորումը կկատարվի Էներգետիկայի նախարարության խնայողություններից:
«Անհրաժեշտ է տեղեկացնել քաղաքացիների, որ ով ունի սուբսիդավորման իրավունք, օգտվի դրանից»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:




























