Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ տվյալներին, նշելով, որ դրանցում առկա է անճշտություն:

Նախարարության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից իրականացվող, Հայաստանի Հանրապետության զբաղվածության ոլորտին վերաբերող վերլուծություններում եւ համապատասխան զեկույցներում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կողմից հրապարակված գործազրկության մակարդակի ցուցանիշը, որի հաշվարկման հիմքում դրված է ԱՄԿ կողմից առաջարկվող մեթոդաբանությունը:

Այս առումով հատկանշական է այն հանգամանքը, որ ինչպես միջազգային մասնագիտացված տարբեր կազմակերպությունների, այնպես էլ ԱՄԿ կողմից` հաշվարկման որոշակի բանաձեւերի, մոդուլների ու մեթոդների կիրառմամբ կատարվում են տարբեր երկրների գործազրկության մակարդակների կանխատեսումներ, համեմատական վերլուծություններ եւ գնահատումներ, որոնց ցուցանիշները հրապարակվում եւ որոշակի պարբերականությամբ թարմացվում են:

Ավելին, գործազրկության մակարդակի կանխատեսման որոշակի մոդուլ եւ համապատասխան մեթոդ կիրառվում է նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, որի արդյունքները օգտագործվում են զբաղվածության պետական կարգավորման ամենամյա պետական ծրագրի, միջնաժամկետ եւ ռազմավարական ծրագրերի մշակման շրջանակներում:

Ինչ վերաբերում է վերջին օրերին գործազրկության մակարդակի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների կողմից հրապարակումներին, որոնց համար որպես տեղեկատվական աղբյուր է բերվում ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցը, իսկ որպես 2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակ ներկայացվում է` 18.64% ցուցանիշը, ապա հարկ ենք համարում ընդգծել. այդ զեկույցի տեքստում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ բերված է միայն 2012թ. գործազրկության մակարդակի ցուցանիշը` 17.3% (http://www.ilo.org/wcmsp5/groups/public/---dgreports/---dcomm/---publ/documents/publication/wcms_233953.pdf, էջ` 44), ինչը համապատասխանում է ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված ցուցանիշին: Ընդ որում, այս զեկույցում ներկայացվում է նաեւ, որ ԱՊՀ երկրների գործազրկության մակարդակների ցուցանիշները իրականում կարող են ավելի ցածր լինել` նկատի ունենալով այդ երկրներում առկա ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածության բարձր մակարդակը:

Ինչ վերաբերում է  2013թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակի 18.64% ցուցանիշին, այն ներկայացված է ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում եւ դրան կից աղյուսակում  (http://www.ilo.org/global/research/global-reports/global-employment-trends/2014/lang--en/index.htm)` որպես վերջնական ճշգրտման ենթակա տեղեկատվություն:

Մյուս կողմից հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ. ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում եւ դրան կից աղյուսակում Հայաստանի Հանրապետության 2012թ. գործազրկության մակարդակի ցուցանիշ է ներկայացված` 18.1%-ը, այն դեպքում, երբ ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցում 2012թ. համար այդ նույն ցուցանիշը (ինչպես արդեն նշեցինք սկզբում) ներկայացված է` 17.3%:

Այսինքն, առկա է ակնհայտ անճշտություն ԱՄԿ «Զբաղվածության գլոբալ միտումները, 2014թ.» զեկույցում եւ ԱՄԿ կայքում տեղակայված` «Որտեղ է ամենաբարձր գործազրկության մակարդակը» վերտառությամբ տեղեկատվական քարտեզում եւ դրան կից աղյուսակում բերված` 2012թ. Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակի ցուցանիշի գծով:

Ընդ որում, ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության գործազրկության մակարդակը 2013թ. երկրորդ եռամսյակում կազմել է 16.2%, երրորդ եռամսյակում կազմել է 15.4%, իսկ չորրորդ եռամսյակի ցուցանիշը դեռեւս հրապարակված չէ:

Ավելացնենք նաեւ,  որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄԿ ազգային համակարգողի գրասենյակին` վերոհիշյալ ցուցանիշի գծով տեղ գտած անճշտությունը ԱՄԿ կենտրոնական գրասենյակի հետ հստակեցնելու, համապատասխանաբար ուղղելու եւ նախարարությանը անհրաժեշտ պարզաբանումներ տրամադրելու խնդրանքով»: