«Տրոյկա Դիալոգ»-ի նախկին ղեկավար, Հերման Գրեֆի գործող խորհրդական Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է IFC ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդի կազմում եւ կարող է լքել «Սբերբանկը»: Նա IFC-ում խորհրդատվություն կիրականացնի ներդրումային քաղաքականության մասով, հայտնում է rbc daily-ն:
Վարդանյանն ինքը հաստատել է այս տեղեկությունը: Ըստ նրա՝ իրեն ընտրել են IFC խորհրդի կազմ, որտեղ ընդգրկվել են նաեւ տարբեր երկրներից մակրոտնտեսագետներ, օրինակ՝ Հնդկաստանից եւ Լատինական Ամերիկայից: Վարդանյանը նշել է, որ իր խնդիրներից է բարելավել IFC-ի աշխատանքը՝ ներդրումային քաղաքականության եւ հաճախորդների հետ փոխազդեցության տեսակետից: IFC-ի խորհրդում Վարդանյանը Ռուսաստանից միակ ներկայացուցիչն է:
Ներկայումս Ռուբեն Վարդանյանը «Սբերբանկի» նախագահ Հերման Գրեֆի խորհրդականն է: Մինչ այդ նա «Սբերբանկի» CIB-ի համանախագահն էր. պետբանկի ներդրումային մասնաճյուղ, որը հիմնված էր 2011թ. «Տրոյկա դիալոգ»-ի գնած բիզնեսի վրա: Ինտեգրման վերջնական ավարտից հետո Վարդանյանը կարող է լքել «Սբերբանկը»: Ըստ աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ գարնանը:
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում եւ արտասահմանում հայտնի ներդրումային բանկիր է: Նա «Տրոյկա դիալոգ»-ի ղեկավարը եւ բաժնետերն էր: Մինչ այդ 2002թ. եղել է «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրենը, 2005թ. գլխավորել է «Սուխովի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը, 2006 . ընդգրկվել է ՆՈՎԱՏԷԿ-ի տնօրենների խորհրդում: 2006թ. Ռուբեն Վարդանյանը դարձել էր «Սկոլկովոյի» հիմնադիրներից մեկը:




























