Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի քաղաքապետին կից, Երեւանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:
Վահե Նիկոյանը, խորհրդին ներկայացնելով Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, ընդգծել է, որ այն կազմվել է գործող օրենսդրությանը համապատասխան եւ հնարավորին մանրամասն:
Նախքան հաշվետվության ներկայացումը, Վահե Նիկոյանը ներկայացրել է Երեւան քաղաքի 2014 թվականի տարեկան ինտերակտիվ բյուջեն, որը փորձնական գործարկվել էր դեռ 2013 թվականի տարեվերջին, իսկ այժմ արդեն հասանելի է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
«Ինտերակտիվ բյուջեն հասանելի է յուրաքանչյուր բնակչի: Այն հնարավորություն է տալիս, չսպասելով եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացմանը, յուրաքանչյուր պահի առցանց տեղեկատվություն ստանալ մայրաքաղաքի ֆինանսական անցուդարձից՝ բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ դրանց վրա կատարվող ծախսերի կտրվածքով։ Վստահ եմ, որ այս ծրագիրը կնպաստի բյուջեի առավել թափանցիկության ապահովմանն ու հավանության կարժանանա մեր բնակչության կողմից»,- նշել է քաղաքապետի տեղակալը՝ ավելացնելով, որ ծրագիրը մատչելի է նաեւ բջջային հեռախոսների միջոցով:
Այնուհետ Վահե Նիկոյանը առավել ամփոփ ներկայացրել է 2013-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները:
Մասնավորապես Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված եկամուտներին անդրադառնալով՝ նշվել է, որ դրանք կազմել են 63,667,925.2 հազ. դրամ, ինչը 2012 թվականի փաստացի ցուցանիշից ավելի է 6,420,228.9 հազ. դրամով կամ 11.2%-ով։ 2013 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 17,003,946.6 հազ. դրամ, ինչը 2012 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի է 919,487.1 հազ. դրամով կամ 5.7%-ով: Այսինքն, եկամուտների հավաքագրման առումով առկա է տեսանելի առաջընթաց։ Տարեկան եկամուտներին մասով նշվել է, որ հարկային եկամուտների եւ տուրքերի մասով 2013 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 12,004,407.3 հազ. դրամ, իսկ 2012 թվականին՝ 11,357,325.3 հազ. դրամ, այսինքն փաստացի կատարողականը նախորդ տարվա համեմատ 647,082.0 հազ. դրամով կամ 5.7%-ով ավելի է։
Նախորդ տարվա ընթացքում եկամուտների հավաքագրման գործընթացի վերլուծության արդյունքում Երեւանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխությունների մի շարք առաջարկներ, որոնք միտված են լինելու եկամուտների հավաքագրման գործընթացն էլ ավելի արդյունավետ եւ կանոնակարգած դարձնելուն։
Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 62,161,662.3 հազ. դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 95.0%-ը: Եվ չնայած որ 2013 թվականի ծախսերի ծավալը 2012 թվականի փաստացի կատարողականից 3,075,959.8 հազ. դրամով ավելի է, այնուհանդերձ, գնումների գործընթացում առաջացած խնայողությունները հնարավորություն են տվել 5% ով տնտեսել տարեկան կտրվածքով նախատեսված ծախսերը։
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեն կատարվել է 1,506,262.9 հազ. դրամ հավելուրդով՝ նախատեսված 537,155.4 հազ. դրամ պակասուրդի դիմաց, պարտքեր չեն թողնվել եւ փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:
2013 թվականի ծախսերի հետ կապված՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է, որ փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 97.6%: Ընդամենը փաստացի ծախսերից 54,433,659.5 հազ. դրամը կամ 87.6%-ն ուղղվել են ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ 7,728,002.8 հազ. դրամը կամ 12.4%-ը կապիտալ բնույթի զուտ ծախսերին (ֆոնդային բյուջե), ինչպես նաեւ 8, 929, 505.2 հազ. դրամի ծախսեր իրականացվել են ոչ միայն ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի հաշվին: Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության) ծախսերը, որոնց տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 37.2%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 34.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 11.2 %:
Փաստացի կատարված ծախսերի հետ կապված՝ նշվել է, որ 10%-ից մի փոքր ավելին ուղղվել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառավարման ապարատի պահպանմանը, որտեղ առկա է ծրագրված ծախսերի մոտ 7.5% տնտեսում։ Ծախսերի մոտ հիմնական մասն ուղղվել է մայրաքաղաքի բարեկարգմանը, կոմունալ ծառայությունների կազմակերպմանը, բնակարանային շինարարությանը, կանաչապատմանը, ոռոգմանը, բազմաբնակարան շենքերի պահպանմանը, որոնք ապահովել են Երեւանի ծրագրային զարգացման շարունակականությունը՝ ներառելով նաեւ առաջադեմ մայրաքաղաքների զարգացման եւ արդիականացման փորձի կիրառման դրական միտումները։
Նախագծի ներկայացումից հետո Վահե Նիկոյանը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:
Քաղաքապետի տեղակալը նաեւ նշել է, որ սահմանված կարգով հաշվետվությունը կներկայացվի հանրային քննարկման ու կկազմակերպվեն հանրային լսումներ, որից հետո արդեն հաշվետվության նախագիծը անկախ աուդիտի եզրակացությամբ կներկայացվի Երեւանի ավագանու քննարկմանը:




























