Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին այցելել է հանրապետության ոստիկանություն, մասնակցել գերատեսչության 8-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը եւ շնորհավորել ոստիկանության ողջ անձնակազմին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ:
«Գլուխ եմ խոնարհում համակարգի այն աշխատողների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փառք ու պատիվ նրանց»,- ասված է Բակո Սահակյանի ուղերձում: Ըստ ԼՂՀ նախագահի՝ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, հանցավորության դեմ պայքարը այն խնդիրներն են, որոնց իրականացումը համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջում է ամենօրյա քրտնաջան ու աչալուրջ աշխատանք, բարձր մասնագիտական պատրաստվածություն, քաղաքացիական կեցվածք ու մարդկային որակներ: «Ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ այս խնդիրները հաջողությամբ լուծելու համար»,- ասել է Սահակյանն ու հավաստիացրել. «Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոստիկանների սոցիալական եւ աշխատանքային պայմանները բարելավելու, տեխնիկական վերազինումը արդիականացնելու, ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ»:




























