Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Արզական համայնքում մասնակցել է ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկմանը, որի ժամանակ ամփոփվել են ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվել 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվել ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաշվի առնելով, որ 2013 թվականը ոռոգման համակարգի համար բավականին լարված տարի էր՝ ջրի պահանջարկը բավարարելու համար գործի են դրվել մեխանիկական համակարգերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի դիմաց  900 մլն դրամի լրացուցիչ ծախսի առաջացման, որը նախատեսված չի եղել ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. բյուջեներում:

Հետեւաբար կառավարությունը նախաձեռնեց լրացումներ  «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որով առաջարկվում է մինչեւ 2019թ. Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ:

«Կառավարությունը գիտակցում է այս քայլի պատասխանատվությունը: Մինչեւ օրինագիծը ներկայացնելը լուրջ քննարկումներ են եղել մասնագիտական շրջանակների հետ»,- նշեց փոխվարչապետը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է Սեւանա լճից ջրառը նվազագույն ծավալներով իրականացնելու համար:

Նա ընդգծեց, որ Սեւանա լճից վերցվող ջրաքանակի ավելացումը բացառապես եւ միայն գյուղատնտեսությանն աջակցելու նպատակ ունի:

Փոխվարչապետը  նաեւ մտացածին եւ իրականությունից հեռու համարեց  որոշ բնապահպանների` ջրամբարները միտումնավոր չլցնելու, իսկ  պոմպակայանները միտումնավոր չգործարկելու մասին կարծիքները՝ ընդգծելով, որ  վերահսկողություն է իրականացվում նաեւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից, որի կազմում նաեւ բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված,  իսկ Ախուրյանի ջրամբարը, որի պաշարներն օգտագործում են երկու պետությունները, վերահսկվում է երկու կողմից էլ:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց նաեւ մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համակարգի բարձր պատրաuտվածության ապահովման համար: