Ապրիլի 14-ին Մոնտեվիդեոյում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Ազգային կոնգրեսի նախագահ Դանիլո Աստորիի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նշելով, որ այս օրերին Ուրուգվայ այցելության իր նպատակն է մասնակցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառմանը, դեսպան Կալմիրշալյանը կրկին անգամ շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ժողովրդին ու իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին Ուրուգվայում ընդունելու, նրանց ապրելու ու արարելու համար բոլոր պայմանները տրամադրելու, աշխարհում առաջինը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ու նրա իրականացնողներին դատապարտելու համար:

Դանիլո Աստորին նշել է, որ ուրուգվայցիներն ու երկրի իշխանությունները գրեթե մեկ դար առաջ երկիր ներգաղթած հայերին ընդունել են եղբայրների ու քույրերի պես, և այդ զգացմունքը շարունակվում է մինչ օրս:

«Ուրուգվահայ համայնքը մեր ժողովրդի բաղկացուցիչ մասն է կազմում: Նրանք շատ լավ ուրուգվայցիներ են, սակայն նաև շատ լավ հայեր` պահպանելով իրենց կրոնն ու ավանդույթները, լեզուն ու մշակույթը: Հայերն Ուրուգվայը բնակեցնող այլ ազգերի հետ տարբեր բնագավառներում ակտիվորեն մասնակցում են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին»,- ասել է Դանիլո Աստորին:

Ուրուգվայի փոխնախագահն ու Հայաստանի դեսպանը քննարկել են նաև հայ-ուրուգվայական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես՝ Դանիլո Աստորին խոստացել է անձամբ զբաղվել Ուրուգվայի խորհրդարանում Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորմամբ: