Կառավարությունը Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառեց խորհրդարանի թիկունքում: Այս մասին փետրվարի 3-ին ԱԺ նիստում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
«Մենք իմանում ենք, որ կառավարությունը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի առուվաճառքի ինչ-որ գործարք է կնքել ամերիկյան ընկերության հետ: Մենք բացարձակապես ոչինչ չունենք ամերիկյան ընկերությանը վաճառելու դեմ, բայց խախտվել է օրենքի ընթացակարգը: Առանց մասնավորեցման ծրագրի պետական գույքը մասնավորին վաճառել կարելի է, միայն այն դեպքում, եթե խոսքը շարժական գույքի մասին է: Հակառակ պարագայում նման գաղտնի գործարքները արատավորում են խորհրդարանը»,- հայտարարել է Զուրաբյանը:
Ի պատասխան` ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Զուրաբյանին կոչ է արել զերծ մնալ նման հայտարարություններից եւ խոսել ըստ էության: «Եթե կարծում եք, որ խախտվել է մասնավորեցման մասին օրենսդրությունը, մենք կարող ենք քննարկել այդ հարցը», - հայտարարել է նա:
Որոտանի ՀԷԿ-ը բաղկացած է 3 էլեկտրակայաններից` Սպանդարյանի (76 մՎտ), Շամբի (171 մՎտ) եւ Տաթեւի (157.2 մՎտ): «Որոտան ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերն էր ՀՀ կառավարությունը: 2010 եւ 2011թթ. համալիրն արտադրել է մոտավորապես 1,2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա, որը 2011թ. կազմել է Հայաստանի ընդհանուր էլեկտրամատակարարման 16%-ը եւ ՀԷԿ-ի գեներացիայի շուրջ կեսը:
Համալիրի վաճառքի պայմանագիրը ստորագրվել էր հունվարի 29-ին` ՀՀ կառավարության, «Որոտան ՀԷԿ» ՊՓԲԸ-ի եւ ամերիկյան «Contour Global Hydrocascade» եւ «CG Solutions global holding company» ընկերությունների միջեւ:



























