Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ հարկերից ու տուրքերից ստացված եկամուտները, գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը, ավելացել է նախորդի համեմատ 122,5 միլիարդ դրամով (կամ 14,0 տոկոս): Ամենամեծ ներդրումը ավելացված արժեքի հարկինն է, որի բացարձակ աճը հաշվետու տարում ավելի քան 32,2 միլիարդ դրամ է: Գումարի աճի մյուս մասն ապահովել են հարկերի մյուս տեսակները:
Ինչպես հայտնի է, հարկային դաշտում հիմնական ռեֆորմներն արտահայտվել են միացյալ եկամտահարկի ներդրմամբ, որը միավորել է եկամտահարկն ու պարտադիր սոցվճարումները: Թե ինչպես է ընթանում հարկերի հավաքման գործընթացը, դժվար է ասել: Խնդիրն այն է, որ անցյալ տարի հարկատուները մարում էին նախորդած տարվա պարտքերը:
«Նախկին» եկամտահարկի գծով վճարվել է մոտ 5.8 մլրդ դրամ, իսկ պարտադիր սոցիալական ապահովման վճարումները կազմել են ավելի քան 17.6 մլրդ դրամ: Հանրագումարը մոտ 23.4 մլրդ դրամ է կազմել: Սակայն տեղեկություններ չեն ներկայացվում այն մասին, թե հաշվետու տարում «նոր» եկամտահարկի պարտքը որքան է կազմել:
Խոշորագույն 1000 հարկատուների բաժինը անցյալ տարի պետբյուջեի եկամուտներում կազմել է 66.4 տոկոս: Այստեղ նույնպես դժվար է հստակ համեմատություններ կատարել անցյալ տարվա հետ: Բանն այն է, որ ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն այդ տեղեկությունը առանձին էր ներկայացնում(եկամտահարկի խոշորագույն վճարողներ ու պարտադիր սոցիալական ապահովման վճարումներ կատարողներ): Ուստի ցուցակները նույնական չեն, հատկապես ետ մնացողների դեպքում:
Հավելենք, որ խոշորագույն 478 հարկատուների գծով հարկերի ընդհանուր գումարը կազմել է 138.0 մլրդ դրամ(ներառյալ ԱԱՀ՝ 78.3 մլրդ դրամ), իսկ հարկային պարտավորությունները՝ 49.9 մլրդ դրամ: Այդ կերպ, մնացորդն հօգուտ հարկատուների կազմում է ավելի քան 88 մլրդ դրամ: Նշենք, որ անցյալ տարի նշված 478 խոշոր հարկատուներին էին վերադարձրել 24.3 մլրդ դրամ գերավճար:



























