«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է` հայաստանյան իշխանությունները եւ իշխանության որոշ ներկայացուցիչները Չեխիայի Կառլովի Վարի երկրամասում ոչ միայն հանգստանալ են սիրում, այլեւ բիզնեսով զբաղվել: Որոշ տեղեկությունների համաձայն` հայ իշխանավորները հատկապես վերջին շրջանում որոշ խոշոր ներդրումներ են արել Կառլովի Վարիում հյուրանոցային եւ մի քանի այլ բիզնեսներում: Սերժ Սարգսյանի օրերս կատարած այցի ընթացքում էլ ձեռք են բերվել մի շարք ուրիշ համաձայնություններ եւ համագործակցության հուշագրեր:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը «Ժամանակի» հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց իշխանության ներկայացուցիչների Կառլովի Վարիում անցկացրած ժամանակի մասին: Նրա խոսքով, ճիշտ է, Կառլովի Վարիում հսկայական ներդրում է արել ռուսական կապիտալը, բայց հայկական կողմն էլ առանձնապես հետ չի մնում: «Պրահայում հատուկ դեսպանի պաշտոն ստեղծվեց, որը զբաղվելու է հայկական կապիտալի Չեխիայում տեղավորմամբ: Այստեղ էլ կան ներդրումների մասին այդպիսի ինֆորմացիաներ եւ այդ ֆոնին բնավ էլ զարմանալի չէ նախագահի պաշտոնական այցը Չեխիա: Անկասկած դրա հետեւում ընկած են կոնկրետ շահեր եւ հետաքրքրություններ: Մենք կասկածում ենք, որ հայ կապիտալի արտահոսք կա, հատկապես թանկարժեք շենքերի գնումներ, Կառլովի Վարիում հյուրանոցների գնումներ, որն այսօրվա իրավիճակում հանցագործություն է: Այդ Հայաստանում պետք է զարգացնել որոշ ուղղություններ, ոչ թե Կառլովի Վարիում: Այստեղ ներդրողները շատ-շատ են»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` եթե վիճակագրություն անցկացնենք, թե ինչքան հայ իշխանավորներ են իրենց ընտանիքներով գալիս Կառլովի Վարի, պարզապես կշշմեք: «Այստեղ շատ ուրիշ հիանալի առողջարաններ կան, եւ որքան էլ մենք փորձում ենք համոզել, որ մեր իշխանավորներն այնտեղ էլ այցելեն, ապարդյուն: Պատճառն այն է, որ Կառլովի Վարիում կա ավանդական ռուսական կապիտալի արտահոսք: Իսկ հայերը սիրում են կրկնել, այն, ինչը գալիս է Մոսկվայից: Այն, որ այդ իշխանավորները ունեն այլ նպատակներ, քան հանգստանալն է, առավել քան ակնհայտ է: Այդ նպատակով նույնիսկ դեսպանություն է բացվել, դեսպան է նշանակվել, որի հիմնական գործը հայ պաշտոնյաներին եւ նրանց կանանց ընդունելն է եւ Կառլովի Վարիում տեղավորելը»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում