Կուտակային կենսաթոշակային նոր օրենքը շատ լավ է մարդկանց համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

«Շատ լավ բան ա, ապահով ծերություն ա ապահովում»,- ասաց փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե մարդիկ այսօր այնպիսի սոցիալական վիճակում են գտնվում, որ չեն մտածում «ապահով ծերության մասին»՝ Դավիթ Օհանյանն ասաց. «Չգիտեմ՝ մարդիկ էսօր վատ են ապրում, թե չէ: Ես իմ կարծիքն եմ ասում՝ շատ լավ ա, որ նման օրենք ա ընդունվել»:

Նշենք, որ փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ իր որդին արդեն կենսաթոշակային ֆոնդ ընտրել է: Այնուամենայնիվ, փոխքաղաքապետն իր աշխատակիցներին չի հորդորել ֆոնդ ընտրել:

«Սահմանադրական դատարանը հլը որ ֆոնդ ընտրելը կամավոր ա դարձրել: Երբ պարտադիր լինի, էդ ժամանակ կասենք, որ ընտրեն»,- ասաց նա:

Դավիթ Օհանյանը չի շտապում կանխատեսումներ անել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ:

«Դա իրանց գործն ա, թե ինչ կորոշեն»,- ժպտալով պատասխանեց նա:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: