ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» (ԿԲԻԾ) եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ՀՀ ԱՍՀՆ) համատեղ այսօր՝ փետրվարի 7-ին, ամփոփել են կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ մասնագիտական կարողությունների զարգացման եռամսյա երկփուլ ծրագիրը, որի նպատակն էր աջակցել երկրում նոր կենսաթոշակային համակարգի օրենսդրության արդյունավետ իրականացմանը եւ շահառուների սպասարկումը՝ տարածքային սոցիալական ծառայություններում։
Հրավիրված միջոցառման ժամանակ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» կողմից վերապատրաստում անցած հատուկ դասընթացավարները ստացան վկայագրեր։ Ծրագրի առաջին փուլը սոցիալական ծառայությունների աշխատակիցների համար կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ բոլոր մարզերում իրականացված համընդհանուր վերապատրաստման դասընթացների շարքն էր, իսկ երկրորդը՝ կենսաթոշակային բազմաստիճան համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման սեմինարների համար հատուկ դասընթացավարների վերապատրաստումը։
Դասընթացից առաջ իրականացված նախաթեսթավորման արդյունքները բացահայտեցին, որ խիստ անհրաժեշտություն կա նոր կենսաթոշակային կուտակային համակարգը սոցիալական ծառայությունների աշխատակիցներին մանրամասն ներկայացնելու, քանի որ օրենսդրական փաթեթը ծավալուն է, իսկ համակարգը բավականին բարդ` ինքնուրույն ուսումնասիրելու համար: «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը, որը կազմակերպում է լայնածավալ իրազեկում, մեծ ծավալի դասընթացների իրականացման համար չունի սեփական ռեսուրսներ, եւ ԿՀԻԿ հիմնադրամի կարիքների գնահատման արդյունքում նախաձեռնվեց նոր դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը ։
«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» իրականացրեց գրեթե 400 սոցիալական աշխատողների վերապատրաստում, ինչպես նաեւ առանձին կազմակերպեց հատուկ դասընթացավար մասնագետների վերապատրաստում։ Այսպիսով, կենսաթոշակային օրենսդրության թեմայով սեմինարների դասընթացավարի վկայագիր ստացավ 8 մասնագետ, ովքեր վերապատրաստման մանրամասն ուսուցում են անցել ԿԲԻԾ գրասենյակում, ՀՀ Կենտրոնական բանկում, Կենտրոնական դեպոզիտարիայում, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում։ Բացի այդ, 114 Թեժ գծի աշխատանքը առավել ճիշտ կազմակերպելու եւ ծառայության որակը բարձրացնելու նպատակով, դասընթացավարների հետ համատեղ վերապատրաստվեցին նաեւ թեժ գծի 4 աշխատակիցները։ Վերապատրաստման արդյունավետությունը գնահատվել է դասընթացներին հաջորդած թեսթավորմամբ, որի արդյունքներով՝ ուսուցման մասնակիցների գիտելիքները եւ կեսնաթոշակային օրենսդրության կիրառման հմտությունները զգալիորեն ավելացել են ։
ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արամայիս Շահբեկյանը 8 դասընթացավարներից մեկն է, ով ստանալով կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման դասընթացավարի վկայական՝ այսուհետեւ, բացի ԿՀԻԿ հիմնադրամի համար սեմինարներ անցկացնելուց, ապահովելու է նաեւ ՀՀ ԱՍՀ նախարարության եւ ՍԱՊԾ աշխատակազմի համար կենսաթոշակային թեմայով շարունակական խորհրդատվություն, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնելու եւ իրականացնելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համար համապատասխան դասընթացներ։ «Պետական սոցիալական աջակցության ոլորտում բոլոր փոփոխությունները՝ նոր օրենքները, նոր որոշումներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք սերտորեն առնչվում են մարդկանց սոցիալական վիճակին, պետք է շատ արագ յուրացվեն համակարգի աշխատակիցների կողմից եւ ամենակարճ ժամկետներում ստանան ճշգրիտ կիրառություն։ Շատ հաճախ մեր աշխատակիցները ունեն հատուկ, թեմատիկ դասընթացների կարիք, որոնց համար մենք չունեինք համապատասխան մասնագետ-դասընթացավարներ։ Վստահ եմ, որ այսուհետեւ կկարողանամ լրացնել այդ բացը, կապահովեմ համապարփակ տեղեկատվություն համակարգի աշխատակիցների համար՝ կենսաթոշակային պետական եւ կուտակային բաղադրիչների վերաբերյալ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի» անցկացրած վերապատրաստման շնորհիվ ես ամբողջական գիտելիքներ ստացա, անմիջականորեն շփվեցի կուտակային բաղարիչի իրականացմանն ու վերահսկողությանն առնչվող բոլոր գերատեսչությունների հետ, նաեւ ձեռք բերեցի դասընթացավարի հմտություններ»,- նշել է Ա․ Շահբեկյանը։
Արտաշատի տարածքային կենտրոնի ղեկավար Սեդրակ Սարգսյանը նշել է, որ Արտաշատի ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնը նոր է բացվել եւ ապահովված է որակյալ աշխատանքի համար անհարժեշտ հարմարություններով, բոլոր տեխնիկական պայմաններով: Արդեն իսկ գործում է մեկ պատուհանի սկզբունքը, եւ քաղաքացիները ազատվում են ավելորդ քաշքշուկից ու կարճ ժամանակում ստանում են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Սակայն աշխատանքի առավել ճիշտ կազմակերպման եւ ծառայության որակը բարձրացնելու նպատակով կենտրոնին անհրաժեշտ են վերապատրաստված աշխատակիցներ, ովքեր կկարողանան արագ եւ հստակ լուծում գտնել տարաբնույթ խնդիրների համար: «Այս դասընթացը կնպաստի, որ կեսաթոշակային ոլորտի` թե´ գործող, թե´ կուտակային համակարգը կարգավորող օրենսդրությունը լիովին հասկանալի լինի մեր աշխատակիցների համար։ Կենսաթոշակային բարեփոխումները անմիջական առնչություն ունեն մեր աշխատանքին, ուստի խիստ անհարժեշտ էր բարձրացնել մեր աշխատակիցների գիտելիքների մակարդակը ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ»,- նշել է Ս․Սարգսյանը։




























