Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսոն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսոյի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը:

Նա նշեց, որ երկուշաբթի հանդիպելու է իր պաշտպանյալին եւ կքննարկեն որպես խափանման միջոց ընտրված կալանքը բողոքարկելու հարցը: «Ինքը շատ նորմալ էր, ընդհանրապես ոչ ոք չէր նեղացրել, ուղղակի սովորական գործողություններ են, կատարվել են: Այդ հոդվածով կարծում եմ՝ խափանման միջոց կալանավորում ընտրելը անիմաստ էր, բայց քանի որ ինքն էլ էր շատ ցանկանում, որ ճշմարտություն բացահայտվի, այդպես հիվանդագին չընդունեց: Ես տրամադրված եմ կալանքը բողոքարկելուն, բայց քանի որ ամեն դեպքում առանց կալանավորի կարծիքը հարցնելու չեմ կարող որեւէ բան անել»,- հայտնեց Գայանե Գալոյանը:

Փաստաբանն ասաց, որ Իսրայել Սարգսյանը բացատրություն է տվել, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Իսկ թե ինչ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ է նա մեղադրվում, Գայանե Գալոյանը չհրապարակեց՝ պատճառաբանելով, որ դա նախաքննական գաղտնիք է: Նա միայն հավելեց, որ դա կապ չունի ֆեդերացիայում հայտնաբերված զենք, զինամթերքի հետ:

Ինչ վերաբերում է Մոսոյի հետ ունեցած կապին, Գայանե Գալոյանն ասաց, որ 10 տարի առաջ նրա հետ ծառայել է, ինչ վերաբերում է հետագա առնչությանը ապա դա փաստաբանը համարեց նախաքննական գաղտնիք, «նման հարցեր չի առաջադրվել»: Չհաջողվեց պարզել Իսոյի եւ Մոսոյի հարաբերությունների ներկա փուլը, ինչ կապի մեջ են եղել, վերջին անգամ որտեղ են առնչվել եւ երբ է տեսել նրան:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը: Նախաքննական մարմինը կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, ներկայացրել էր Կենտորն եւ Նորք Մարաշ իրավասության դատարան, ինչը բավարարվել է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամն է: Ֆեդերացիայից առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Արթուր Սաֆարյանին սպանողները եղել են երկու հոգով, նրանք ժամանակին հայտնի Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մասնակիցներն են եղել: Արթուր Սաֆարյանին կրակողը 48 տարեկան Մովսեսն էր (շրջապատում նրան Մոսո են ասում), նրա հետ է եղել 45-ամյա Իսրայելը, ով շրջապատում հայտնի է Իսո անունով:  Թեւոսիկի եղբորը սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, Իսրայելը սպանել է Մովսեսին եւ դիակը թաքցրել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Մովսեսի դիակը դեռ չի գտնվել, բայց ինչ-որ հետքեր կան, Իսոն հավանաբար այն մտցրել է խողովակի մեջ: