Ալավերդի քաղաքում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր՝ փետրվարի 8-ին հավաքվել են քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցուն հարող հրապարակում եւ բողոքում էր կուտակային կենսաթոշակային նոր օրենքի դեմ: Նախաձեռնությանը միացել էին նաեւ այն կազմակերպությունների աշխատակիցները, որոնցից գանձել են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Մարիանա Պեպանյանը:

«Ավելի քան 100 մարդ էր հավաքվել: Նրանց թվում էին Ալավերդիի ուսումնարանի, գործարանի աշխատակիցներ, որոնցից արդեն գումարը գանձվել է»,- ասաց Մարիանան:

Ակցիայի ժամանակ Սահմանադրական դատարանի որոշմանը իրազեկ քաղաքացիներն աշխատակիցներին բացատրել են, թե ինչ դիմում պետք է գրել գործատուին եւ ինչ պահանջել:

«Դիմումի ձեւ ենք մշակել, տվել այդ մարդկանց, որպեսզի կարողանան իրենց գործատուից պահանջել գումարը չգանձել»,- ասաց Մարիանան:

Ակցիայի մասնակիցներին հսկել են մոտ 30 ոստիկան:

Այս պահին մի քանի տասնյակ ալավերդցիներ գնում են Վանաձոր՝ միանալու այնտեղ կազմակերպված բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: