Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող վանաձորցիները և Երեւանից մեկնած «Դեմ եմ» թիմի անդամները փետրվարի 8-ին Վանաձորի Հայքի հրապարակից սկսեցին հավաք երթը (ֆոտոռեպորտաժ):

«Սա համահայկական շարժում է, ոչ մի երաշխիք չկա, որ տարիներ հետո պետությունը երիտասարդների գումարները կվերադարձնի: Մենք մեր բոլորի ապագայի համար ենք պայքարում»,- NEWS.am հետ զրույցում ասաց երթի մասնակից, վանաձորցի Արտակ Բաղդասարյանը, որի վրա պարտադիր բաղադրիչը չի տարածվում։

Երթի մասնակիցներն այժմ «Ոչ պետական գրպանահատությանը», «Դեմ եմ պարտադիրին», «Դեմ ենք մեր աշխատավարձերի նվազեցմանը», «Պետական այրեր, ձեր կուտակայինով մեր ապագայի համար հոգսեր եք կուտակում»,«Ստոպ թալանին» գրությամբ պաստառներով ու «Ոչ պարտադիրին», «Հաղթանակ», «Միացեք» վանկարկելով՝ շարժվում են Վանաձորի փողոցներով՝ քաղաքացիներին իրազեկելով, որ իրենք իրավունք ունեն մինչեւ մարտի 28-ը կուտակային կենսաթոշակային ֆոնդ չընտրել եւ իրենց աշխատավարձերից չվճարել պարտադիր 5%-ը։

Ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանում, երթի ընթացքը հսկում են տեղի ոստիկանները: Երթին մասնակցում են նաեւ բազմաթիվ տարեց քաղաքացիներ, որոնց վրա օրենքը չի ազդում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am