Կիպրոսի մայրաքաղաքում այս պահին զանգվածային բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տնտեսության խիստ միջոցների, որոնք պարտադրվել են միջազգային ներդրողների «եռյակի» կողմից:

Հազարավոր գործազուրկներ, թոշակառուներ, խաբված ավանդատուներ, ֆերմերներ, պետծառայողներ, ուսանողներ, լրագրողներ եւ ձեռնարկատերեր հավաքվել են ֆինանսների նախարարության շենքի մոտ: Բողոքի ակցիան կոչվում է «Կիպրոսի սոցիալական մոբիլիզացիա»՝ «Եռյակ, հեռացիր» կարգախոսի ներքո: Ակցիան կազմակերպել են մոտ 20 առաջատար արհմիություններ եւ հասարակական կազմակերպություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները նախատեսում են ֆինանսների նախարարության առջեւ հանրահավաք անցկացնել, ապա շրջափակման մեջ առնել աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության շենքը եւ Եվրոպայի Տունը, որտեղ գտնվում է ԵՄ ներկայացուցչությունը: Նրանք բողոքում են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի ճնշման ներքո Կիպրոսի կառավարության կողմից հակաճգնաժամային միջոցառումների դեմ, որոնց արդյունքում ավելանում է գործազրկությունը:

Կիպրոսը դեֆոլտի եզրին է հայտնվել 2012-ի առաջին կեսին եւ ստիպված է եղել ֆինանսական օգնության համար դիմել ԵՄ-ին եւ ԱՄՀ-ին: