ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի 100 քարտապաններ այսօր՝ փետրվարի 8-ին, հավաքվել էին մասնակցելու նախապես հայտարարված խաղարկությանը եւ ստանալու 100 հազար դրամ արժողությամբ նվեր քարտեր։ Բանկն այսպիսով պարգեւատրում էր իր ArCa, Visa, MasterCard եւ American Express վճարային համակարգերի բոլոր այն քարտապաններին, ովքեր 2013թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ը նվազագույնը 100,000 դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործարքներ էին իրականացրել իրենց քարտերով, եւ ընտրվել խաղարկության արդյունքում։

Հունվարի 29-ին բանկի §Նոր Նորք¦ մասնաճյուղում կայացել էր խաղարկության 1-ին փուլը։ Բանկի հաճախորդները խաղարկության տուփի միջից մրցույթի կանոններին համապասխանող քարտապանների 100 անուններ էին ընտրել, ովքեր էլ այսօր մասնակցեցին մեքենայի խաղարկությանը։ 100 հաջողակներին (իրականում 97, երեք քարտապաններ այդպես էլ չեկան նախապես հայտարարված ժամին) տեղեկացրին, որ սկսվում է մեքենայի խաղարկությունը։ Բանկի եւ հաճախորդների փոխադարձ համաձայնությամբ որոշվեց, որ խաղարկության արկղի միջից պատահական անուն հանողին կընտրի 5-ամյա Սամվելը։ Նա էլ մասնակից քարտապանների համարներով պարկի միջից հանեց 32 թիվը, որը պատկանում էր Ֆենյա Եփրեմյանին։ Ֆենյան երեք անգամ արկղը պտտելուց հետո հանեց փակ ծրարներից մեկը եւ հնչեց հաղթողի անունը՝ Արմեն Տեր-Գրիգորյան։ Խաղարկության սրահում մասնակիցների սպասումներից ու հուզմունքից առաջացած լարվածությունը վայրկյան հետո փոխվեց ծափերի ու շնորհավորանքների, իսկ շահողն իսկապես հուզվել էր։ «Հուզմունքս չեմ կարող թաքցնել, իսկապես շատ անսպասելի էր։ Ինչ ասեմ... շնորհակալություն բոլորիցդ, ու ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ կյանքում նման հուզմունքի առիթ ունենաք»,- ասաց արդեն մեքենայի բանալիները ստացած Արմենը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ աշխատավարձը ստանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի միջոցով, մեքենա չունի, եւ նույնիսկ վարել լավ չգիտի։

«Շնորհավորում եմ բոլորիդ եւ Արմենին, եւ ցանկանում եմ նշել, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում խաղարկությունները շարունակական բնույթ են կրում։ Այժմ արդեն կարող եմ հայտարարել, որ հաջորդ խաղարկությանը կարող են մասնակցել մարտի 1-ից մայիսի-31 քարտերով գործարքներ իրականացրած քարտապանները։ Խաղարկվելու են տոմսեր դեպի Եվրոպա 2 անձի համար»,- շնորհավորանքներին միանալով՝ ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը։

Տեղեկացնենք, որ բոլոր 100 քարտապանները նվեր ստացած 100 հազար դրամ արժողությամբ քարտերով կարող են գնումներ կատարել Հայաստանի վաճառքի խոշոր կենտրոններից։