«Գլոբալ գոլդ» ընկերությունը չի բացահայտում Թուխմանուկի ոսկու հանքի պոչամբարի նախագիծը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է «Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա՝ ընկերությունը պետք է շրջակա միջավայրի վրա ամբողջ հանքի պոչամբարների ազդեցության գնահատականը տա, այլ ոչ թե դրա մի փոքր մասինը միայն:
«Այն 18 մլն տոննա ոսկու հանքաքար ունի, իսկ պոչամբարների մակերեսը հաշվվում է միան 30 հազարի համար: Մնացածն ո՞ւր են տանելու: Ընդ որում, մակերեսը պոչերի չոր ծավալից եռակի ավելի պետք է նախապատրաստել, քանի որ դրանք թաց վիճակում են լինում», - բացատրել է Գրիգորյանը: Այս պատճառով բնապահպանության նախարարությունը չէր ընդունել շրջակա միջավայրի վրա ազդեցության առաջին նախագծի գնահատականը:
«Այժմ ընկերությունըկ է երկրորդ գնահատականը: Երբ մենք դիմեցինք բնապահպանության նախարարություն, մեզ ասացին, որ նախագծի ճակատագրից տեղեկություն չունեն: Սա կասկածելի է, եւ առաջիկայում մենք կրկին այս հարցով կդիմենք գերատեսչություն», - ասել է բնապահպան-ակտիվիստը:
Նա նշել է, որ վերջին լսումները տեղի էին ունեցել փետրվարի 10-ին` Երեւանի «Գլոբալ գոլդի» գրասենյակում, սակայն ներկա էին եղել ընդամենը երկու-երեք մարդ: «Ցանկության դեպքում էլ այն չես անվանի հանրային լսումներ: Ընկերությունը պետք է նախագիծը ներկայացնի ողջ գյուղին, այլ ոչ թե իրեն հավատարիմ բնակիչներին, բոլոր բնակիչներին ծանոթացնի հնարավոր առավելությունների`աշխատատեղեր, ինչպես նաեւ թույլ տեղերի հետ` շրջակա միջավայրին հասցվող վնասը», - նշել է Գրիգորյանը:
Թուխմանուկի հանքավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի մոտ:



























