«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությանը միացել են Հայ ազգային կոնգրեսը եւ Ժառանգություն կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը:

«Արդեն երկու հանդիպում ենք ունեցել ՀԱԿ-ի եւ Ժառանգության երիտասարդների հետ: Որոշել ենք ստեղծել հանրային հանձնաժողով, որում կքննարկվի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն թանկացումը»,- ասաց Անին:

Հանրային հանձնաժողովում ներգրավվելու են անհատներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ, կուսակցությունների ներկայացուցիչներ. «Հիմա երբ մարդիկ գիտակցում են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բացասական կողմերը, հաստատ կսկսեն ավելի ակտիվ պայքարել: Մենք պայքարելու ենք փողոցում»,- ասաց ակտիվիստը:

Նախաձեռնությունը պատրաստվում է համագործակցել նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ:

«Մեր ֆեսյբուքյան էջում, ինչպես նաեւ մամուլի ասուլիսների ընթացքում հայտարարում ենք, որ ցանկանում ենք նրանց հետ համագործակցել: Կարծում ենք՝ շուտով այդ համագործակցությունն էլ կստացվի»,- նշեց Անին:

Հիշեցնենք, որ «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է անցած տարվա մայիսին: Նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից ստորագրահավաք էր սկսել Ազատության հրապարակում, որն ավարտվեց դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերին նախաձեռնությունն ավելի քան 20 հազար ստորագրությունները ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան ` պահանջելով, որ գազի եւ էլեկտրաէներգիայի «ապօրինի» թանկացման դեմ հայցն ընթանա հրապարակային նիստերով, իսկ ստորագրած քաղաքացիները հանդես գան որպես 3-րդ կողմ, սակայն դատարանը մերժեց այն: