Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակում են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ գործադուլը:

«Մարդիկ կան, որ ժամը 11:00-ին աշխատանքի էին, պլանավորել էին չմտնել շենք: Հետո որոշեցինք մտնել եւ ներսում միասին քննարկումներ կազմակերպել: Այժմ նաեւ ստորագրահավաք ենք անցկացնում՝ ընդդեմ 5% տոկոս գանձումների», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի աշխատակիցներից Սերգեյ Սաֆարյանը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները. թատրոնի անձնակազմը բոյկոտել էր ժամը 19։00-ին նախատեսված «Անուշ» օպերայի ներկայացումը եւ բեմ դուրս չէր եկել: Օպերայի բակում թատրոնի բոյկոտող աշխատակիցներին էին միացել նաեւ այն մարդիկ, որոնք 19:00-ին եկել էին դիտելու «Անուշ» օպերան:

NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանն ասաց, որ առաջիկա օրերին նախատեսված ոչ մի ներկայացում չի հետաձգվել, եւ սուտ են լուրերն այն մասին, որ աշխատակիցները հրաժարվում են աշխատել. «Այդ լուրերին այդքան մի հավատացեք, էս պահի դրությամբ ես չգիտեմ, որ իրենք չեն ուզում խաղալ, ես դեռ թատրոնում չեմ, չգիտեմ: Բայց իմ կարծիքով, այդ ամենը ստից խոսակցություններ են, թատրոնում աշխատանքային պրոցես է, մարդիկ եկել են իրենց փորձերն անում են»:

Թատրոնի աշխատակիցները, սակայն, վստահեցնում են, որ շենք մտել են միայն քննարկումների համար:

«Ժիրայր Տիգրանյանը ստում է, երեկ էլ խաբում էր հանդիսատեսին: Երբ «Անուշ» օպերայի կազմը բեմ դուրս չեկավ, հանդիսատեսին ասաց, որ մենակատար արտիստները հիվանդ են, դրա համար ելույթ չեն ունենում»,- NEWS.am-ին ասաց թատրոնի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Ժիրայր Տիգրանյանը նշեց, որ «Անուշ» օպերայի տապալված ներկայացման տոմսերը հանդիսատեսը հնարավորություն ունի հետ վերադարձնել. «Կարող են հետ վերադարձնել. կամ տոմսերը պահել եւ այդ տոմսերով ներկայանալ «Անուշ» օպերայի հաջորդ ներկայացմանը, որը նախատեսված է ամսի 24-ին»։

Նշենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am