Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի ուզում խոսել որդու մասնակցությամբ ծեծկռտուքի եւ նրա մեքենայում հայտնաբերված թմրանյութի մասին: NEWS.am-ի այն հարցին, թե իրեն հայտնի՞ էր, որ որդին առնչություն ունի թմրանյութի հետ, նա պատասխանել է. «Չէր կարող այդպիսի բան լիներ, էդ մեքենայի մեջ իմ որդուց բացի այլ տղաներ էլ են եղել»:
Ինչ վերաբերում է ծեծկռտուքին, նա ասել է. «Անձնական հարցերով ինձ մի դիմեք: Իրավապահ մարմինները համապատասխան հայտարարություն արել են, ես ավել բան չեմ կարող ասել: Տուժողը իմ տղան է, ես ինչ պիտի անեի»:
Նավասարդյանը փորձում էր հավատացնել, թե այդ թմրանյութի հետ իր որդին չէր կարող անմիջապես առնչվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստել է մեքենան եւ գնացել:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 27-ամյա Դավիթ Նավասարդյանին եւ նրան պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ ավտոմեքենայի ուղեւորներ` 28-ամյա Ա. Թ.-ին, 28-ամյա Ա. Ն.-ին եւ 28-ամյա Դ. Ա.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 23-ամյա Անդրանիկ Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ եւ կաթուցիչ (պիպետկա), որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ հանցակազմ չկա եւ բացակայում է դիմողի բողոքը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























