Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հենց նոր եկավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ հանդիպելու աշխատակիցների հետ, ովքեր երեկվանից շարունակում են կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ գործադուլը: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այսօր առավոտվանից աշխատակիցները դահլիճում նստած սպասում էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կամ փոխնախարար Արթուր Պողոսյանին: Վերջինս րոպեներ առաջ մտավ հանդիպման: Աշխատակիցները պատրաստվում են բարձրացնել ոչ միայն պահված կուտակային 5% պարտադիր վճարի հարցը, այլեւ աշխատավարձերի:

Հիշեցնենք, որ  «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել էր փետրվարի 10-ին, ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չէր եկել: Նրանք դուրս էին եկել Օպերայի բակ, որտեղ նրանց միացել էին նաեւ «Դեմ եմ» թիմի անդամները։

Օպերային ներկայացման տոմսերը գնած հանդիսատեսը նույնպես ստիպված լքել էր դահլիճը։ Անձնակազմի անդամները բացատրել էին նրանց, թե ներկայացումն ինչու չէր կայացել։ Նրանք տեղեկացրել էին, որ իրենց աշխատավարձերից գանձել են պարտադիր կուտակային կենսաթոշակի 5% վճարները։ Հանդիսատեսը ոչ միայն չէր դժգոհել, այլեւ ողջունել էր անձնակազմի քայլը ծափահարություններով։ Ներկայացման տոմսերի գումարը վերադարձրել են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am