Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային դահլիճում «Անուշ» օպերայի դերասանների բոյկոտն ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի, պարզվում է որոշ արվեստագետների սրտով չէ:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ով նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ ֆրակցիայի անդամ է, այսօր NEWS.am-ի թղթակցին ասել է, թե ինքը տեղյակ էլ չէ, որ նման դեպք է տեղի ունեցել: Իսկ տեղեկանալուց հետո նշել է. «Ես կարծում եմ, որ տարբեր հարցեր շփոթելը ճիշտ չի երեւի: Երեւի թե ճիշտ կլինի, եթե ամեն մեկս մեր բնագավառում մեր գործը կատարենք, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք այլ հարցերին: Չգիտեմ գուցե քարոզչական աշխատանքի պատճառով եկան այդ եզրակացության, իրենց իրավունքն է, բայց կուտակային կենսաթոշակի խնդիրը միանշանակ հարց չի եւ շատ երկրներում այդ բանը գոյություն ունի»,-ասել է Վարդազարյանը:
Այնուամենայնիվ, նա կարծում է, որ հարցին պատասխան կտա Սահմանադրական դատարանը` ելնելով թե դրսի, թե ներսի իրավիճակներից եւ մինչեւ ՍԴ-ի վերջնական լուծումը կողմնակից չէ արտառոց տեսարանների:
NEWS.am-ի դիտարկմանը, թե այսինքն չի՞ ողջունում դերասանների նման բոյկոտը, Վարդազարյանը նշել է. «Ողջունել-չողջունելու հարց չէ, գուցե սա ծայրահեղ միջոց է, որը մինչեւ ՍԴ-ի պատասխան ստանալն այնքան էլ արդարացված չէ»:
Դիտարկմանը, թե այնուամենայնիվ դա մշակույթի գործիչների քաղաքացիական կեցվածքն է, կոմպոզիտորը նշել է. «Իսկ նրանք, ովքեր եկել են ներկայացումը նայելու, քաղաքացիներ չե՞ն»:
Երբ Վարդազարյանը տեղեկացել է, որ հանդիսատեսը հիմնականում ծափահարություններով ողջունել է այդ քայլը, ասել է. «Պատկերացրեք այստեղ մասսայական մտածելակերպի ու զգացողությունների վրա ազդելու տեխնոլոգիաների օգտագործումն ու առկայությունն է, որը ցավոք տարածվեց մեզ մոտ, եւ շատերը, չգիտակցելով` ինչի մասին է խոսքը, դեմ են հանուն դեմ լինելու: Ես չեմ վերագրում սա երեկվա այսօրվա երեւույթներին, ուղղակի այդպիսի փաստ առկա է: Հարկավոր է սպասել Սահմանադրական դատարանի վերջնական որոշմանը, որը ավելի հիմնավոր կլինի»:




























