Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի և թատրոնի՝ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ գործադուլ հայտարարած աշխատակիցների հանդիպումը, որից դերասանները դուրս են գալիս վրդովված՝ չցանկանալով մեկնաբանություններ անել: (ֆոտոռեպորտաժ)
Դերասաններից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, NEWS.am-ի թղթակցին ասել է, որ մշակույթի փոխնախարարը թատրոնի աշխատակիցներին հայտնել է, որ նրանց աշխատավարձերը հունվարին բարձրացվել են 20%-ով: Դերասանները նրան պատասխանել են, որ իրենք այդ գումարը չեն ստացել։ Թատրոնի տնօրենն էլ ասել է, որ ադմինիստրացիան պարզապես չի հասցրել հաշվել ավելացումները եւ փետրվարին աշխատակիցները կստանան նաեւ հունվար ամսվա բարձրացված աշխատավարձի 20%-ը:
Թատրոնի դերասաններից մեկն էլ հարցին, թե ինչ է որոշվել ներսում, պատասխանել է բանաստեղծականորեն. «Ազգին դարձրին չարչի, դե արի ու Հայաստանից մի փախչի»:
Նշենք, որ փետրվարի 10-ին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացել էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները. թատրոնի անձնակազմը բոյկոտել էր ժամը 19։00-ին նախատեսված ներկայացումը եւ բեմ դուրս չէր եկել: Օպերայի բակում թատրոնի բոյկոտող աշխատակիցներին էին միացել նաեւ այն մարդիկ, որոնք 19:00-ին եկել էին դիտելու «Անուշ» օպերան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ընկերության տարբեր մարզերի աշխատակիցները: Նրանք հավաքվել էին ՀԿԵ-ի վարչական շենքի մոտ եւ պահանջում էին չգանձել պարտադիր կուտակային կեսաթոշակի 5 տոկոսը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել ուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:




























