«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը պատշաճ կազմակերպելու համար 5 մլն դրամի աջակցության խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հիշեցնենք, որ փառատոնի համանախագահն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:

Փառատոնի անցկացման 6 տարիների ընթացքում ՀԿ ղեկավարն առաջին անգամ է դրամական օգնության խնդրանքով դիմում Գյումրիի  համայնքային բյուջեի օգնությանը: Հարցի շուրջ փետրվարի 11-ին բուռն քննարկում ընթացավ համայնքի ավագանու նիստում։

Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը խնդրեց ներկայացնել, թե ինչ նպատակների համար է ծախսվելու նախապես հաշվարկված զգալի այդ գումարը, սակայն հստակ պատասխան հարցին չհնչեց:

Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությանը օժանդակելու փոխարեն այդ գումարը կարելի է առավել  նպատակային ծախսել, մասնավորապես՝ 2 բնակարան գնել 2 անօթեւան ընտանիքի համար, կամ վառելափայտով ապահովել տնակային պայմաներում ապրող ընտանիքներին:

Ավագանու անդամը տարօրինակ է համարում այն,որ  հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը խնդրանք-նամակով դիմել է Հանրապետության ամենաաղքատ քաղաքներից մեկին ՝ խնդրելով 5 մլն դրամ հատկացնել մի կազմակերպության, «որն ամենեւին այդ գումարի կարիքը չունի»:

Առաջարկը, այնուամենայնիվ, ընդունվեց՝ 20 կողմ եվ 1 դեմ կողմերի հարաբերակցությամբ: Փաստորեն, Գյումրու քաղաքապետարանը, որի տարեկան բյուջեն կազմում է 3 մլրդ 173 միլիոն 233 հազար դրամ, պատրաստ է 5 միլիոն դրամ փոխանցել Լեվոն Սարգսյանի ղեկավարած ՀԿ-ին:

Նշենք, որ վաղը՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը ներկայացնելու է այս տարվա փառատոնի ծրագրերը, ինչպես նաեեւ  ավագանու նիստում հաստատված ու արդեն հատկացվող 5 մլն դրամի  ծախսերը: