Փետրվարի 10-ին Սիսիանում նկատված լուսնի անսովոր տեսքն ընդամենը օպտիկական երեւույթ է, որին պետք չէ մեծ կարեւորություն տալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աստղագետ Արեգ Միքայելյանը։
«Լրատվական կայքերում եմ կարդացել դրա մասին: Ինձ թվում է՝ դա օպտիկական երեւույթ է, որն ավելի շուտ կապված է մթնոլորտի վիճակի հետ: Այդ երեւույթի մեջ ինչ-որ արտառոց բան չկա: Այսինքն` եթե արեւի վրա կարող են տեղի ունենալ երեւույթներ, որոնք կարող են ազդել արեգակի տեսքի վրա, ապա լուսնի դեպքում նման բան տեղ չի ունենում: Դա միայն օպտիկական երեւույթ է, ուրիշ ոչ մի բան»,- ասաց աստղագետը։
Փետրվարի 10-ին սիսիանցիները ականատես էին եղել լուսնի անսովոր տեսքի: Այն շրջանակված էր եղել օղակաձեւ լույսով, ու բնակիչների նկարագրմամբ` ասես ներսից ոսպի ծիլ ունենար:

Լուսանկարները՝ a1plus-ի




























