Բրյուսելում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը փետրվարի 11-ից 13-ը մասնակցում է վեհաժողովի քաղաքական, էներգետիկ եւ սոցիալական հարցերով հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հայտնում են, թե փետրվարի 11-ին Եվրանեսթի քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթի խոսքով` Վիկտոր Դոլիձեի եւ Յացեկ Պրոտասեւիչի կողմից ներկայացված «ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ առավել ամուր գործընկերության խթանումը 2014-2020 թվականներին Եվրոպական հարեւանության գործիքի միջոցով» զեկույցի նախագծի շուրջ:
Իր ելույթում Արտակ Զաքարյանը ներկայացրել է հայկական պատվիրակության առաջարկները ` զեկույցում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման եւ Հայաստանի մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:
Հայկական պատվիրակությունը նաեւ ակտիվ քննարկումներ է ունեցել Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ՝արդյունավետ եւ հաջող կերպով հակադարձելով ադրբեջանական պատվիրակության մի շարք անհիմն մեկնաբանություններին եւ մեջբերումներին :
Նիստի արդյունքում քննարկման են ընդունվել նաեւ հայկական պատվիրակության առաջարկները՝ խնայողական էներգիայի եւ փոքր ավիացիայի ֆինանսավորման խնդիրների եւ հնարավորությունների շուրջ:
Փետրվարի 12-ին հայկական պատվիրակությունը կմասնակցի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին:




























