«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մաքսային միությանն անդամակցելուց հետո սպասվում է, որ կփոխվի Հայաստան բերվող հեղուկ վառելանյութի ներկրման կառուցվածքը։ Ենթադրվում է, որ վառելանյութի շուկայում կակտիվանա ռուսական նավթամթերքների շրջանառությունը։ Չնայած հիմա էլ դրանց ծավալները փոքր չեն։
Ռուսաստանից հայկական շուկա ներկրվող նավթամթերքի բաժինը հասնում է գրեթե 30 տոկոսի։ Այդ երկրից չի բերվում միայն բենզին։ Պատճառը այլ երկրների համեմատ բարձր գինն է, որը աննպատակահարմար է դարձնում ներմուծումը։
Նշենք, որ Հայաստան բերվող նավթամթերքի ծավալները տարեցտարի կրճատվում են։ Պատճառը բնականաբար առաջին հերթին բենզինի սպառման նվազումն է։ Չնայած վերջին տարիներին արագորեն ավելանում է Հայաստան ներկրվող մեքենաների քանակը, այնուհանդերձ դա չի խանգարում, որ բենզինի ներմուծումը կրճատվի։ Բենզինի ներմուծման, հետեւաբար սպառման ծավալների կրճատումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Նախ՝ այն թանկ հաճույք է, եւ արդեն տեւական ժամանակ է, ինչ ներքին շուկան միտված է վառելանյութի այլ տեսակի օգտագործման. տրանսպորտային միջոցների մեծ մասը Հայաստանում շահագործվում է գազով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Գազով շահագործվող մեքենաների հարաբերությամբ այսօր մեր երկիրը աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։
Վառելանյութի ներքին շուկայում իրացվող բենզինը բերվում է հիմնականում Ռումինիայից եւ Բուլղարիայից։ Այս երկու երկրները փակում են հայաստանյան շուկայի գրեթե ողջ պահանջարկը։ Բուլղարիայից եւ Ռումինիայից բացի Հայաստանը նավթամթերք է ներկրում նաեւ այլ երկրներից։ Սակայն այս դեպքում խոսքը հիմնականում վերաբերում է դիզելային եւ ավիացիոն վառելանյութին։
Վառելանյութի մեծածավալ ներմուծումներ են իրականացվում Իրաքից (անցած տարվա ընթացքում՝ ավելի քան 31 հազար տոննա)։ Շատ ավելին է եղել Իսրայելից բերված նավթամթերքը՝ 40,5 հազար տոննա։ Հայաստանի վառելանյութի շուկայում մեծ մասնակցություն ունի Ռուսաստանը։ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացներին ընդառաջ՝ նավթամթերքի ներկրումը Հայաստան մի փոքր ավելացել է։ Խոսքը շուրջ 2 հազար տոննայի մասին է։ Սակայն դա, ըստ էության, գործընթացի միայն սկիզբն է։ Վառելանյութի հայաստանյան շուկայում առաջիկայում ակնկալում է ակտիվ գործունեություն իրականացնել «Ռոսնեֆտ» ընկերությունը։ Վերջին շրջանում շրջանառվող տեղեկատվության համաձայն, համատեղ ձեռնարկությունը բանակցում է վառելանյութի շուկայի մասնակից «Միկա լիմիթեդին» պատկանող բենզալցակայանները ձեռք բերելու համար։
Եվ դա պատահական չէ. մի կողմից՝ ռուսական նավթամթերքի ներմուծումը մաքսատուրքից ազատելը, մյուս կողմից՝ այլ երկրներից կատարվող ներկրման ժամանակ մաքսատուրք մտցնելը մրցակցային բարենպաստ դաշտ են ստեղծում հայաստանյան շուկայում նաեւ ռուսական բենզինի իրացման համար»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























