Գյուղնախարարությունը մսամթերքի գնանկման մասին կարող է բարձրաձայնել միայն այն դեպքում, եթե դրանում նպաստել է պետությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող»  հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով նախարարության տարածած հաղորդագրությանը, որ նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` 4-5 %-ով:

«Ենթադրենք՝ պետությունը գյուղացուն ասում է, որ մենք ներկրել ենք կեր, այդ կերը քեզ վաճառում ենք առանց ավելացված հարկի, դու ունենալու ես էսքան տոկոս քաշաճ, դու էլ մսամթերքի գինն իջեցնում, բայց այսօր նման բան տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ գնանկման պատճառը անասնակեր չունենալն է. «Գյուղացին ստիպված մորթում է կենդանին, իսկ հետո կգա մի պահ, մսամթերքի դեֆիցիտ կունենանք, որն էլ կբերի գնաճի»:

Նրա խոսքով՝ գյուղացին խնդիրներ ունի եւ դրա պատճառով է միսը էժանացնում:

«Պետությունն ուրիշի պրոբլեմի հաշվին գլուխ է գովում, թե միսը էժանացել է: Հենց 30-40% բարձրանա, պետությունը կասի՝ մենք մեղավոր չենք, գյուղացին է գինը բարձրացրել»,- նշեց Պիպոյանը: