Խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ,  «Ժառանգություն» եւ ՀԱԿ, խորհրդարանի առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով  այսօր տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում վերջնական որոշում չեն կայացրել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: 

Ըստ Հակոբյանի՝ յուրաքանչյուր խմբակցություն այդ հարցը պետք է քննարկի իր կուսակցության քաղխորհրդում, որից հետո արդեն  առաջիկայում  կանցկացվի չորս խմբակցությունների պատգամավորների հերթական հանդիպումը, որի ընթացքում էլ կճշտվի օրակարգը:

«Չորս խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրն իր նախագիծն է ներկայացրել, իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: Սակայն բոլոր չորս նախագծերն էլ չէին կարող այսօր քննարկվել, եւ առաջիկայում կայանալիք հանդիպմանը այդ հարցով վերջնական որոշում  կկայացվի»,- հայտարարել է Հակոբյանը:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել էին ԲՀԿ-ի խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ինչպես նաեւ «ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: